Սերժ Սարգսյանը՝ գիտակցելով ու կարևորելով մեր ժողովրդի միասնության դերը, Նիկոլ Փաշինյանը նույնպես գիտակցելով, բայց այդ միասնության դեմ գործելով

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Եղիշե Չարենց

 

Քառասունչորսօրյա պատերազմում մեր ձախողումը ու դրա հետևանքը հանդիսացող ներկայիս իրավիճակը պայմանավորել սոսկ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և այլոց պետական դավաճանությամբ, կնշանակի ամբողջությամբ չներկայացնել կատարվածի պատճառները:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, յուրայինների հետ միասին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայկական զույգ պետություններում բնակվողներիս թիկունքին դաշույն էր խրել ավելի վաղ…

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նկատի ունենք, հիշեցնենք դեռ 2007թ. հունիսի 26-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված.

«Մենք հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր ապագայի տեսլականի իրականացման համար: Այն ապագայի, որը կապահովի անվտանգ, արժանապատիվ կյանք և ինքնաարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է՝ փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը, որը չափազանց կարևոր նախապայման է կառավարության արդյունավետ գործունեության համար: Այս մոտեցման լավագույն ձևակերպումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, և սեր՝ ամեն ինչում»: Սա, ըստ էության, դեմոկրատական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգևոր հենքն է»:

Նկատենք՝ մեր ժողովրդի հոգևոր միասնությունը չափազանց կարևոր նախապայման է նաև բանակի արդյունավետ գործունեության համար:

Փաշինյանը և հետագայում նրա քաղաքական թիմի, իշխանության անդամ դարձածներից շատերը ժամանակին, ըստ երևույթին, շատ ուշադիր լսել էին Սերժ Սարգսյանի ելույթը (հավանաբար լսել էին նաև արևմտյան համապատասխան կենտրոններում), եթե նույնիսկ չէին էլ լսել կամ կարդացել, այնուհանդերձ, նրանք նույնպես հասկացել էին անվտանգ, արժանապատիվ կյանքի ապահովման և, ընդհանրապես, մեր երկրի զարգացման համար միասնության կարևորագույն դերը, հիմնական նախադրյալ լինելը: Հասկացել ու 2018թ. «թավշյա հեղափոխությամբ» իշխանության գալուց հետո հնարավոր ամբողջ թափով գործել ու մինչ օրս էլ գործում են այդ միասնության դեմ:

Այո, 2018-ից հետո՝ ամբողջ թափով… Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, պետք է արձանագրենք, որ այդ գործունեությունը նրանք սկսել էին նույնիսկ ավելի վաղ: Ասել, թե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը 2008թ. ապրիլի 9-ին ստանձնեց երկրում ստեղծված բարդ ներքաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում, կնշանակի քիչ բան ասել: Իսկ իրականությունն այն է, որ հետընտրական սրացումներից, հատկապես մարտիմեկյան ողբերգությունից հետո, Հայաստանում ոչ թե սոսկ բարդ կամ լարված ներքաղաքական իրադրություն էր, այլ բևեռացված, երկփեղկված ներհասարակական մթնոլորտ:

Մթնոլորտ, որի պայմաններում ներքաղաքական կյանքի մասնակիցներից առնվազն մեկը՝ 2008թ. նախագահական ընտրություններում պարտություն կրած, Լևոն Տեր- Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմադիր կազմավորումը, շարունակում էր ներքին առճակատում հրահրելու ուղեգիծը:

Այդ ժամանակ հետախուզման մեջ գտնվող, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը թե երևանում, Նոր Արեշի տներից մեկում ծվարած Նիկոլ Փաշինյանը, որքանով հնարավոր է, ընդհատակից էր գործում Եղիշե Չարենցի պատգամած ու Սերժ Սարգսյանի կարևորած մեր ժողովրդի միասնության դեմ՝ իր «Երկրի հակառակ կողմը» «գրքում» գրելով. «- Ապե, էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ոչ ներում կա, ոչ բեկում»: Այս տողերը տեղ գտան հետագայում հրատարակված «գրքի» 244-րդ էջում:

 

Արմեն Ոսկանյան