Խաղաղությունից թող խոսեն հաղթանակի գինն իմացողները

2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ԱԹՍ-ների կողմից Բաղդադի օդանավակայանի մոտակայքում իրականացրած հարձակման հետևանքով սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսը, այս իրադարձությունը ցնցեց ողջ աշխարհը, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները լարվեցին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։

Այս ամենից զատ չմնաց նաև հայաստանյան իշխանությունը և իր «արժեքավոր» խոսքն ասեց երկու կողմին: 2020 թ․ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթ արշավ կատարելիս ֆեյսբուքյան իր էջից ուղիղ միացումով խաղաղության կոչ արեց Իրանին և ԱՄՆ-ին։

Վարչապետն իր ուղերձի մեջ հայտնել է այն մասին, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը և նրանք քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ:
«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն, առանց այն էլ լարված վիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ առաջին րոպեներից և վայրկյաններից հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նրա խոսքով, անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում հանդիպումներ և քննարկումներ են կատարում։

«Մեր այսօրվա քայլարշավի վերնագիրը ցանկանում եմ նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»,- իր խոսքի ավարտին ասել է վարչապետը։

Երբ վարչապետը խաղաղության կոչեր էր հնչեցնում երկու տարածաշրջանային հզոր խաղացողներին, այդ ժամանակ դեռ չէր սկսվել 44-օրյա պատերազմը, և թվում էր, թե ՀՀ ղեկավարը գիտի՝ ինչ է խաղաղությունը, ինչպես պետք է հասնել դրան, որ խորհուրդներ էր տալիս երկու գերհզոր տերություններին, սակայն ցավոք, դա միայն թվում էր։

Իսկ երբ թշնամին սկսեց հարձակումը Արցախի Հանրապետության վրա, ենթադրվում էր, որ խաղաղության գիտակ Փաշինյանը այս անգամ ևս գիտի ինչպես պետք է վարվել և հուսադրել իր ժողովրդին, ինչպես անում էր վերոնշյալ դեպքում։

Սակայն նա պատերազմի ամենաթեժ օրերին ԱԺ ամբիոնից ասում է, սա ֆիլմ չէ, որտեղ անպայման հեփի էնդ է լինում և այդ հեփի էնդը մենք պետք է ապահովենք՝ քայլելով կրակի միջով, սրի միջով, անհավանականության միջով, հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի մնացած ճանապարհը։ Մյուս բոլոր ճանապարհներն ուղղակի հետաձգում են, խուսանավում, հետո էլի հետաձգում․․․ Պետք է մի անգամ կանգնենք և պաշտպանենք ինքներս մեզ, պաշտպանենք մեր իրավունքները՝ չլինելով դեստրուկտիվ, չլինելով մոլագար, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների և իրավունքների մասին պատասխանատվությունը։

Մենք պետք է ճիշտ արձանագրենք։ Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի և գիտակցության մեջ։ Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի պայքարել, մենք չենք դադարի ընթանալ, մենք չենք դադարի պայքարել հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն Վազգեն Սարգսյանի հաղթանակի, հանուն Մոնթեի հաղթանակի, հանուն Մովսես Գորգիսյանի հաղթանակի, հանուն Ջիվան Աբրահամյանի հաղթանակի։

Այսօր մենք ունենք կենդանի հերոսներ։ Հանուն Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյայի նահատակ տղերքի հաղթանակի, եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլևս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի, չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ, հանուն ճշմարտության, հանուն ապագայի և հանուն օրինականության:

Եվ եթե այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես ձեզ երաշխավորում եմ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Սա այն ժամանակահատվածն էր, որ ազգն իսկապես համախմբվել էր՝ դիմություն ընդդիմություն չկար, նպատակը մեկն էր՝ հաղթել թշնամուն՝ ինչ գնով էլ լինի կամ մեզ թվում էր, թե դա էր նպատակը։

Ըստ խաղաղության գիտակ Փաշինյանի՝

խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։

Խաղաղության հասնել` նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։

Ենթադրենք, որ ըստ նրա քայլերի և պատերացումների՝ խաղաղություն հնարավոր է, եթե Արցախը տրվի Ադրբեջանին, խաղաղություն կլինի, եթե գնաս Թուրքիա մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, նստես Ալիևի անմիջապես հետևի շարքում, բայց գրողը տանի, այս ամենն անում է գործող իշխանությունը, սակայն խաղաղություն չկա ու չկա, ավելին՝ թշնամին զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին, ամեն օր կրակ է բացում, սադրանքներ իրականացնում։

Այժմ հասկանանք, թե ինչ է իրականում խաղաղությունը․ դրա համար պիտի վերհիշել՝ ինչ էր ասում երկրին իսկապես խաղաղություն պարգևած ՀՀ երրորդ նախագահը։

Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը: Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:

Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովին վայելել:

Մի դեպքում անձը խաղաղություն է մուրում՝ խայտառակ պարտությունից հետո, մյուս դեպքում անձը խոսում է արժանապատիվ խաղաղությունից՝ փայլուն հաղթանակից հետո։

Էնպես որ, խաղաղությա՛ն գիտակ, քուա՛նշ։

Թող խաղաղությունից խոսեն հաղթանակի գինն իմացողները։

Լուսինե Այրապետյան