Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են. Զախարովան՝ Լաչինի միջանցքում միջադեպի մասին

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։

«Հունիսի 15-ին Հայաստանի կողմից Ձեր նշած տարածքում (Լաչինի միջանցք,- խմբ․) տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական օգնությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքը»,- նշել է Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է սահմանագծի սահմանմանը։

«Մենք պատրաստ ենք օգնել սահմանային գծի որոշման հարցում, նաև այդ տարածքում, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։ Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք հստակորեն կատարում են իրավիճակը կայունացնելու և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրը»,- եզրափակել է Մարիա Զախարովան։