Աստանայի հարթակը փակելու Ղազախստանի որոշումը անակնկալ էր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար

Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարած սիրիական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար Աստանայի հարթակը փակելու որոշումը անակնկալ է եղել գործընթացի մասնակիցների համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպման արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Անկեղծ ասած, այսօր մեզ համար ինչ-որ չափով անսպասելի էր: Դա Ղազախստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնողական առաջարկն է այն մասին, որ Աստանայի հարթակը նրանք բավարար են համարել և, հավանաբար, հույս ունեն, որ մենք հիմա այլ հարթակ կընտրենք, որտեղ տեղի կունենան այդ հանդիպումները»,-նշել է նա։

Ռուսաստանի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աստանայի հարթակի փակման վերաբերյալ Ղազախստանի ղեկավարության որոշումը չի կանգնեցնի բանակցային գործընթացը, որը կշարունակվի: Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով կայացած ձևաչափով հաջորդ՝ 21-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի երկրորդ կեսին։

«Հիմա մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի մշակման վրա, և աշխատանքները ընթանում են բավականին լարված, բավականին ինտենսիվ: Հենց որ այն ավարտվի, այդ աշխատանքի արդյունքների մասին կզեկուցվի մեր երկրների նախագահներին՝ հետագայում Թուրքիայի և Սիրիայի Արաբական Հանրապետության հանդիպման անցկացման համար՝ երաշխավոր երկրների նախագահների ներկայությամբ»,-ասել է Լավրենտևը։