Իրանը մտահոգված է, որ հակառակորդը Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ կարող է ձեռք բերել իրավունքներ «Զանգեզուրի միջանցք» վերաբերյալ

Իրանցի վերլուծաբան Փույա Հոսեինին գրում է.

Բացի հայ ազգից, Իրանը թիվ մեկ դիմադրողն ու խոչընդոտն է` «Զանգեզուրի միջանցք» կոչված դավադիր ծրագրին, և Հայաստանի Սյունիքի դեմ որևէ նկրտումի։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.

«Եթե որոշակի քաղաքականություն հետապնդվի, որը նպատակ կունենա փակել Իրան-Հայաստան սահմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդդիմանալու է դրան, քանի որ Իրան-Հայաստան սահմանը մի քանի հազարամյա հաղորդակցության ճանապարհ է»:

2022թ. հուլիսի 19-ին, Թեհրանում

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:

2022թ. հուլիսի 19-ին Թեհրանում

Էրդողան. «Զանգեզուրի հետ կապված մեր խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ է»։

2023թ. հունիսի 14-ին Էրդողանի հայտարարությունը և խոստովանությունը ցույց է տալիս, որ թիվ մեկ իրական դիմադրողն ու խոչընդոտը «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման ճանապարհին Իրանն է։ Նաև Ալիևը բազմիցս դժգոհություններ է հայտնել առ այն, թե ինչո՛ւ է Իրանը դեմ այդ ծրագրին, և թե ինչո՛ւ է Իրանը զորքեր կուտակում Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանին ու զորավարժություններ է անում։

Երբ թշնամին այսպես բացահայտ խոստովանում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման համար Իրանի հետ խնդիր ունեն, դեռ կա՞ն մարդիկ, որոնք կասկածի տակ կդնեն Իրանի գործոնը և դերը Սյունիքի անվտանգության և պահպանման համար։ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը այդ քաղաքական դիրքորոշման քայլերից մեկն էր։ Զորավարժությունները և Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարների կոշտ հայտարարություններն ու զգուշացումները Իրանի մյուս քայլերն էին։ Իրանը մտահոգված է, որ եթե հակառակորդին ռազմական ճանապարհով դեռ չի հաջողվել իրականացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը, ապա քաղաքական ճանապարհով, Հայաստանի վրա բոլոր կողմերից ճնշում գործադրելով, կարող է ձեռք բերել իրավունքներ` նշված միջանցքի վերաբերյալ։