Վերընտրվելուց հետո Էրդողանն առաջին այցը կատարեց Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին արդեն հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Էրդողանի համար պատվո պահակախումբ է շարվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնյաներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջան են մեկնել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլք։