Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում առնվազն 7 մարդ անհետ կորել է ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման և դրա հետևանքով ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

«Յոթ հոգի, որոնց մասին մենք հստակ գիտենք», – ասել է նա՝ պատասխանելով անհայտ կորածների թվի մասին հարցին։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ: