Ցավոք, Սևանն այս տարի էլ կկանաչի. ՇՄ նախարար

«Քանի որ այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար»,-խորհրդարանում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նա հայտնեց, որ խնդիրը լիարժեք կանոնակարգված չէ և Հայաստանը չունի սակավաջուր տարիներին վերաբերող հաստատված ընթացակարգ, ինչի ուղղությամբ աշխատում են ՇՄ և ՏԿԵ նախարարությունները:

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,-ասաց ՇՄ նախարարը:

Նրա խոսքով, Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրերի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը: