Մենք պատրաստ ենք տալ ու ստանալ․ Փաշինյան (տեսանյութ)

«Երբ ասում ենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնո՞ւմ է արդյոք Արծվաշենը՝ այո մտնում է, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև, օրինակ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի էն տարածքները, որոնք 90-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Պառավաքար գյուղը այդպիսի հողեր ունի, այդպիսի հողեր ունի Այգեհովիտ գյուղը, այդպիսի հողեր ունի Վազաշեն գյուղը»,- նախօրեին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 1975 թվականի քարտեզներով 29 800 քկմ-ը ներառում է նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումների ժամանակ։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն ասում է՝ «1990-ականների սկզբից ունեք տարածքներ, որոնք 1975 թվականի քարտեզով կամ Խորհրդային միության քարտեզով մերն է, բայց ձեր վերահսկողության տակ են գտնվում»։

«Մենք ասում ենք հետևյալը՝ շատ լավ, եկեք վերցնենք 1975 թվականի քարտեզը, 1975 թվականի գիծը, Խորհրդային միության գիծը, եթե սա վերցնում ենք որպես հիմք, այս գծից՝ կապ չունի ով է առաջ, ով հետ, երկուսն էլ այս գծից համահավասար հեռավարություն են վերցնում։ Բայց շատ կարևոր է, որ գիծը մենք ճանաչենք, որովհետև եթե գիծը չլինի, պարզ չի լինի՝ ով որտեղից ինչքան և մինչ ուր պետք է հետ գնան։

Մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանի երկայնքով դելիմիտարիզացված գոտի ստեղծվի, որ այդտեղ ոչ մի զինված ուժեր չլինեն՝ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ որևէ այլ երկրի։

Մենք այս հենքի վա պատրաստ ենք գալ համաձայնության։ Չեմ կարող ասել, որ ունենք վերջնական մի բան, բայց մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք։ Մենք ուզում ենք, որ հետագա ռազմական էսկալյացիայի բոլոր պատրվակները, որոնք կարող են օգտագործվել, հանենք, չեզոքացնենք։

Ասում են՝ գյուղեր։ Ասում ենք՝ շատ լավ, գյուղեր, գյուղեր, մենք էլ ունենք գյուղեր։ Մենք պատրաստ ենք վերադարձնել, դուք պատրա՞ստ եք, եթե այո, եկեք հենց հիմա փոխենք։

Այնպես չէ, որ մենք ամբողջ օրը երազում ենք, թե ինչ տանք։ Մենք պատրաստ ենք տալ ու ստանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում