Հունիսի 1-ին Նիկոլը կստանա՞ իր սրտի նվերը կիրթ ու կառուցողական գործընկերոջից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Բանախոսի հետ խոսել ենք Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Գագիկ Համբարյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործի մանրամասների և որոշակի փաստերի մասին, որոնք թույլ են տալիս բանախոսին ենթադրել, որ այդ գործը բացառապես քաղաքական պատվեր է․

-Հասկանում եք չէ՞ մենք ուր ենք հասել։ Սրանք կարող են ինչ-որ մի հոգեկան հիվանդ, մի փողոցային գտնել ու ասել՝ գնա Համբարյան Գագիկի դեմ ցուցմունք տուր, որ օրինակ ծեծել է, կամ բռնաբարել, և սրանք լկտիաբար մեկ ցուցմունքով, կեղծ թեզերով առաջնորդվելով՝ կարող են ինձ դատել, ինչ է եղել որ։ Սրանց խուլիգանությունը, դատական համակարգի բռնաբարությունը չափ ու սահման չունի։ ․․․ Ես առաջին անգամ եմ տեսնում էսպիսի բեսպրեդել, սա նիկոլական ֆաշիզմի, նիկոլական այլանդակ իրավապահ համակարգի ամենակարկառուն դրսևորումներից մեկն է։ Նախկիններին էլ եմ քննադատել, Սերժ Սարգսյանին էլ եմ շատ խիստ քննադատել, Սերժ Սարգսյանի բերած կադրերին էլ եմ քննադատել, բայց էսպիսի լկտիություն, էսպիսի բեսպրեդելություն ես երբևիցե չեմ տեսել։ Սա նիկոլական ֆաշիզմի և այլանդակության ամենավառ դրսևորումներն են, քաղաքական հետապնդման ամենակարկառուն դրսևորումն է սա», – հավելեց Համբարյանը։

Համբարյանի հետ խոսել ենք նաև հունիսի 1-ին Քիշնևում սպասվող  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը և  այդ մասին ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարությանը առ այն, որ ԱՄՆ-ը ակնկալում է կառուցողական հանդիպում՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Բացի դրանից, խոսել ենք նաև վերջինիս կողմից ոգևորության և ողջույնի խոսքերի մասին՝ Ալիևի հայտարարությունները Արցախի իշխանությունների համաներման վերաբերյալ․

«Ուրախ ենք տեսնել, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու մասին»,- նշել է Միլլերը:

Անդրադարձ է կատարվել նաև մայիսի 31 Ժողովրդավարության հայկական ֆորումի  ժամանակ Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հնչեցրած մտքերին, ինչպես նաև առաջիկայում սպասվող զարգացումներին։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ այսօր Հայաստանն առաջնորդվում է Արևմուտքի ծրագրով և ՌԴ-ն կորցնում  է իր ազդեցության գոտին, դրա հերթական ապացույցն էր Պուտինի ներկայությամբ Փաշինյան-Ալիև երկխոսություն-խաղը Մոսկվայում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում