Անպատիժ զրպարտող նախկին ընդդիմությունը՝ այսօրվա պալատականները, խիստ նեղվում է իր մասին քննադատություններից

Դատարանների մուտքերը շրջափակելու շոուից հետո շատ ջրեր են հոսել, և այսօր առավել քան պարզ է, որ իր այդ քայլով Փաշինյան Նիկոլը դատական համակարգը ևս իր անձին ենթարկելու նպատակ էր հետապնդում։ Թեև ո՞վ էր կասկածում դրանում։ Խելամիտ մարդու մտքով անգամ չէր կարող անցնել, որ այս խեղկատակն իրոք անկախ դատական համակարգ ստեղծելու առաքելություն է ստանձնել։ Այսօր հայաստանյան դատական համակարգը թերևս իր կյանքի ամենախայտառակ էջերն է ապրում։ Երբևէ դատական համակարգն այսքան ողողված ու ծանրաբեռնված չի եղել շինծու նյութերով, որոնք քաղաքական հետապնդման միտում ունեն, երբևէ դատական համակարգն այսքան ծանրաբեռնված չի եղել այնպիսի գործերով, որոնք այս իշխանության կարկառուն դեմքերը ներկայացնում են իբրև իրենց արժանապատվության, արատավորված համբավի վերականգնման, իրենց նկատմամբ զրպարտության հերքման փորձ։

Ասածիս ամենացայտուն ու ամենաթարմ օրինակը Աշոտ Փաշինյանի գործով զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին ներկայացված մեղադրանքն է՝ իբրև թե պաշտոնյայի որդուն նրա քաղաքական գործունեության պատճառով առևանգելու փորձ։ Այնքան ակնհայտ է այդ գործի շինծու լինելը, համենայնդեպս զոհված զինծառայողի ծնողի փաստաբանների հավաստմամբ՝ չկա որևէ ապացույց, որ այդ կնոջ կողմից պաշտոնյայի զավակին առևանգելու փորձ է արվել։ Բայց Գայանե Հակոբյանն այս պահին կալանավորված է, քանի որ Փաշինյանի ավազակախումբը նպատակ ունի այդկերպ չեզոքացնել նաև զոհվածների ծնողներից սպասվող ցանկացած սպառնալիք իր անձին ու իր իշխանությանը։ Էլ չենք խոսում քաղաքական հայացքների ու ազատ խոսքի համար տարբեր քաղաքական-հասարակական ընդդիմադիր գործիչների նկատմամբ կարված ու տարիներով չարչրկվող գործերից։ Դրանցից մեկն էլ վաղամեռիկ Արմեն Գրիգորյանի դեմ էր հարուցվել՝ բոլորովին անմեղ հայտարարության համար, ինչի հետևանքով հենց դատարանի դահլիճում նա կնքեց իր մահկանացուն, և դրա համար որևէ մեկը պատասխան չտվեց։ Այսպիսի գործերը կարելի է անվերջ թվարկել ու թվարկել։ Ի դեպ, LIVEnews.am-ի համակարգող Գառնիկ Իսագուլյանն այս ցանկում բացառություն չէ, քանի որ իր դեմ ևս մի շարք գործեր են հարուցվել իշխանավոր պաշտոնյաների նախաձեռնությամբ միայն այն բանի համար, որ նա հրապարակավ փորձում է բացահայտել 2018 թվականին տեղի ունեցած գունավոր հեղափոխության մասին ճշմարտությունը, թե որտեղից է այն ֆինանսավորվել, ովքեր են եղել դրա մասնակիցները, որոնք այսօր պաշտոններ են զբաղեցնում, իրականում ինչ նպատակ է հետապնդել այն, ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, և ինչո՞ւ մեր երկիրը պարտվեց այդ պատերազմում։

Եվ դա անում է մի իշխանություն, որի անդամները նախկինում, երբ աղաղակող ընդդիմություն էին, երկրի հիմքերն ավերելու նպատակով ստեղծված ՀԿ-ների ու հիմնադրամների անդամներ ու ղեկավարներ, հազարումի ստերով ու զրպարտություններով արժեզրկում էին երբեմնի իշխանություններին ու նպատակադրված ժողովրդի մեջ նրանց նկատմամբ ատելություն էին սերմանում։ Մասնավորապես դեղին մամուլի զրպարտիչ Նիկոլ Փաշինյանն իր «(Չ)հայկական ժամանակով», իսկ ընդդիմություն եղած ժամանակ ԱԺ ամբիոնի մոտ իր հոգեգալարմունքներով ինչ սուտ, ինչ զրպարտություն ու կեղծիք ասես՝ չէր նետում նախկին իշխանության մասին՝ ամբիոնը պոկելով տեղից։ Բայց մեծամասնական իշխանությունը ներողամտորեն էր վերաբերվում Փաշինյանի հորինվածքներին՝ թույլ տալով, որ նա լիարժեքորեն խաղա արմատական ընդդիմության իր դերը։ Եվ հազվադեպ էր, որ Նիկոլի ու իր համակիրների դեմ, որոնք այսօր իր թիմակիցներն են և պաշտոնյաներ, գործեր հարուցվեին, թեև դրա իրավունքը լիարժեք ունեին ու թերևս ճիշտ կլիներ, որպեսզի դեռ նախկին իշխանությունների ժամանակ այսօրվա իշխանականները հասկանային, որ իրենց բերանից դուրս եկած յուրաքանչյուր ստորակետի համար պետք է պատասխանատվություն կրեն։ Միայն նախագահ Սերժ Սարգսյանի մասին սուտ, կողծ լուրերը հավաքելով՝ կարելի էր ողջ դատական համակարգը առաջիկա տասը տարիներին զբաղեցնելու աշխատանք գտնել։ Բայց նա հասկանում էր, որ նմանատիպ գործերով դատարանները զբաղեցնելով՝ իրական հանցագործությունները արդյունավետորեն չէին քննվի։ Իհարկե, միայն այսօրվա հեռավորությունից նայելով՝ իրականությունն այլ լույսի ներքո է դիտվում, որ այդ զրպարտողներն ու մանիպուլյացիայի վարպետները պակաս հանցագործներ չէին, քանի որ նրանց հեռահար նպատակը պետականության կազմաքանդումն էր, ոչ թե ավելի լավ հայրենիք կերտելը։

Ու այդ անպատժելիության հետևանքն էլ այն էր, որ իշխանության գալով քպ-ականները չհրաժարվեցին իրենց վատ սովորությունից՝ բարձր ամբիոններից նախկինների մասին իրենց զրպարտչական մեղադրաննքերը շարունակելով։ Օրինակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարտադրված էր դատական հայց ներկայացնել Խաչատուր Սուքիասյանի դեմ, քանի որ մերձիշխանական մեծահարուստը մեծամտաբար նրան մեղադրել էր պետական միջոցները փոշիացնելու և Բադեն-Բադենում խաղատանը պետական միջոցներով խաղադրույքներ կատարելու մեջ։ Մինչև այդ էլ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի մասին Արման Բաբաջանյանն էր ԱԺ-ում հայտարարություններ արել, մեղադրելով անօրինական միջոցներով ու պաշտոնական դիրքի չարաշահմամբ հէկ-եր ձեռք բերելու մեջ։ Խոսրով Հարությունյանին սակայն հաջողվեց դատարանի միջոցով ապացուցել, որ Արման Բաբաջանյանն առնվազն մանիպուլյացիայով է զբաղված։

Եվ ահա այս խիստ զգայուն «ինքնասիրությամբ» պալատականները խիստ նեղվում են, երբ իրենց մասին առողջ, վերլուծական հիմքեր ունեցող քննադատություն է հնչում։ Ու մեկը մյուսի հետևից գործեր են, որ կարվում են ու դատական համակարգի համար բեռ դառնում, իսկ դատավորների համար՝ խղճի քննություն։

Թագուհի Ասլանյան