Ադրբեջանը քրեական գործ է հարուցել երեկ գերեվարված երկու հայ զինծառայողների դեմ

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կարեն Ղազարյանի և Հարություն Հովակիմյանի նկատմամբ։ Զորամասեր սնունդ տեղափոխող մեր երկու զինծառայողներին գերեվարելուց հետո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տարածել, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

ՀՀ ՊՆ-ը, հերքելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությունը, հրապարակել է նաև փաստեր, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է։ Մասնավորապես, հրապարակվել են լուսանկարներ երեկվանից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենայից, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: