2022-ին Արցախի ԱԳՆ-ը ծախսել է իրեն հատկացված միջոցների 75 տոկոսը

Մայիսի 23-ին հրավիրվել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱՀ ԱԳՆ, ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները:

Երկրի արտաքին գերատեսչության բյուջեի հաշվետվությունը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Կոստանդյանը:

2022 թվականին նախատեսված 880 մլն 750 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 660 մլն 277 հազ ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 75 տոկոս:

Արտասահմանում գտնվող մեր ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել են 445 մլն 870 հազ ՀՀ դրամ՝ կազմելով ընդհանուր բյուջեի 67,6 տոկոսը:

Խորհրդարանականները բարձրաձայնել են արտերկրում աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության 2022 թվականի բյուջեն նախատեսված էր 33 մլն 500 հազ ՀՀ դրամ, կատարողականը 64,7 տոկոս էր:

ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի տեղեկացմամբ ՝բյուջեով նախատեսված գումարը ծախսվել է զբոսաշրջային միջոցառումների, զբոսաշրջային ծառայությունների վերահսկողության, տպագրության վրա:

Պատգամավորական հարցադրումները գյուղական տուրիզմը աշխուժացնելու, երիտասարդների ընդգրկմամբ նոր  ծրագրեր մեկնարկելու վերաբերյալ էին:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը:

2022 թվականի բյուջեով նախատեսված 450 մլն ՀՀ դրամ գումարից ծախսվել է 448 մլն ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 99,6 տոկոս:

Գովազդի համար նախանշված 3 մլն ՀՀ դրամ եկամտի դիմաց ստացվել է 2 մլն 345 հազար ՀՀ դրամ:

Բարեգործական խողովակներով ստացվել է 1 մլն 550 հազար ՀՀ դրամ, որը ուղղորդվել է ամանորյա ծրագրի պատրաստմանը:

Պահուստային ֆոնդից  ստացված 15 մլն 570 հազար ՀՀ դրամ գումարի գերակշիռ մասը՝ 14 մլն 144 հազ ՀՀ դրամը, օգտագործվել է շարժական հեռուստակայանի սպասարկմանը:

«Ազատ Արցախ» թերթի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը:

Հանրապետական թերթի բյուջեի կատարողականը կազմել է 94 տոկոս, նախատեսված 114 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 108 մլն ՀՀ դրամը:

Տպաքանակով պայմանավորված՝ պլանավորած 6 մլն 643 հազ ՀՀ դրամ եկամուտի  փոխարեն  ստացել են 2 մլն 124 հազ ՀՀ դրամ եկամուտ: Գործուղման ծախսերը լրիվությամբ չեն օգտագործվել:

Պատգամավորական հարցադրումները կայքէջի որակի, սոցհարթակներում թերթի դիտելիության վերաբերյալ էին: