ՀԱՊԿ-ն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը․ Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի քննադատությունը

«ՀԱՊԿ-ն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը և զարգացման ներուժ ունի»,- «ՌԻԱ Նովոստիի»  հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կազմակերպության հասցեին Նիկոլ Փաշինյանի քննադատությունը։

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների մեջ։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման լուրջ ներուժ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությունում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր ասուլիսում ասել է.

«Ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու, կամ սառեցնելու վերաբերյալ։

Ինչու է այդ հարցը բարձրացել, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս  եկել կամ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը դե-յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա նրա արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից»։