Իշխանությունը թույլ չի տվել ՀԱՀԳԲ մարտիկ Փիեր Գյուլումյանի աճյունն ամփոփել Եռաբլուրում

Մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։

Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը՝ տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների և մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվեց Երևանի Շահումյանի անվան գերեզմանատանը։

Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ: Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ և մեր կազմակերպության նախաձեռնությամբ։

1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետևանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։ Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին և պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։ Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայությունները և արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը:

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական Խորհուրդ (Վերակազմյալ)