Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Վահե Ղալումյան

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար: ԱԺ տեղեկացմամբ, այս մասին մայիսի 11-ին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում` Վահե Ղալումյանը հույս է հայտնել, որ կհաջողվի պարբերաբար համատեղ նիստեր անցկացնել` սերտ համագործակցություն հաստատելով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև: «Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթությունե,- ասել է Վահե Ղալումյանը` հավելելով, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ: Նա կարևորել է երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ փոխվստահությունը, շարունակական երկխոսությունն ու համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան կհանդիսանան տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կախա Կախիշվիլին կարևորել է խորհրդարանական համագործակցությունը և բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքը: Նա նոր ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Վահե Ղալումյանի խոսքով Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: «Այսօր արդեն իրականություն է «Բարեկամությունե կամուրջը» Բագրատաշեն-Սադախլո հատվածում: Լիահույս ենք, որ արդիականացման և բարելավման համատեղ ծրագրերի հաջորդ հանգրվանը կլինի Գոգավան-Գուգութի անցակետը, որը կարևոր դերակատարություն ունի փոխադրումների բեռնաթափման գործումե,- ասել է հանձնաժողովի նախագահը` անդրադառնալով Վերին Լարսի անցակետի բեռնաթափմանն ուղղված խնդիրներին և որպես լուծման նպաստավոր տարբերակ` մատնանշել լաստանավային կանոնավոր հաղորդակցության ապահովումը: Նա նշել է, որ Վերին Լարսի անցակետը գրեթե անփոխարինելի է Հայաստանի համար, և վերջինիս թողունակության սահմանափակ լինելը, ինչպես նաև պարբերաբար առաջացող եղանակային վատթար պայմանները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար: Այս համատեքստում Վահե Ղալումյանը ողջունել է վրացական կողմի քայլերը` ապահովելու պատշաճ տարանցում` ելնելով ինչպես բարեկամական հարաբերություններից, այնպես էլ առաջնորդվելով միջազգային պարտավորություններով:

Կողմերն անդրադարձել են տարածքային կառավարման համակարգում իրականացված բարեփոխումներին և մի շարք ոլորտներում փորձի հնարավոր փոխանակման հարցեր քննարկել: Կարևորվել է երկու երկրների քաղաքացիների` ներքին անձնագրերով տեղաշարժման հնարավորություն ընձեռող համաձայնագրի իրագործումը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանը, Մաթևոս Ասատրյանը, Սերգեյ Բագրատյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: