Բրունո Ռըտայոն Արարատ Միրզոյանին ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար բոլոր առկա խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելը հրամայական է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժմանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Պատվիրակության կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար: Նախարարը կարևորել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության ու ջանքերի անհրաժեշտությունը:

Բրունո Ռըտայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

Նախարար Միրզոյանը նշել է, որ դրա բացահայտ դրսևորումն են նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ընդգծվել է ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների ու պատմական բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: