Ակցիայից հետո ընդդիմադիր 10 պատգամավորների նկատմամբ նկատողություն հայտարարվեց

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կազմակերպած քաղաքական ակցիայից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ընդդիմադիր 10 պատգամավորի նկատմամբ նկատողություն հայտարարվեց: Ըստ որոշման՝ 10 պատգամավոր հեռացվել են նիստերի դահլիճից մինչեւ օրվա վերջ եւ չեն կարող ներկա գտնվել նիստին:

«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր մյուս պատգամավորներն էլ հաջակցություն գործընկերների՝ դուրս եկան նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է, սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։