Իմ ցանկությունն էր, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը. Արամ Նիկոլյան (տեսանյութ)

Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը՝ մեկնաբանելով նախօրեին  իր քայլը, երբ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը:

«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ  երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, թե իմ արարքը կարող է վատ անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով իրեն սատարողներին:

Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել և  այդ երկրի դրոշը խորհրդանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: