Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք` օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, և սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։