Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են եղել

Ամբողջ Ֆրանսիայում 380 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է France24-ը։

Հաղորդվում է ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները 12-րդ համազգային գործադուլն են անցկացնում։ Բողոքի ակցիան տեղի ունենում մեկ օր առաջ այն բանից, երբ Սահմանադրական խորհուրդը պետք է որոշի իշխանության նախագծի օրինականությունը։ Այն նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան։

Այս հինգշաբթի աշխատանքի խափանումներն ազդել են նավթավերամշակման, հասարակական տրանսպորտի, կրթության և փոստային ծառայության վրա: Գործադուլը խաթարել է նաև օդային հաղորդակցությունը։ Հաղորդվում է, որ թռիչքների մոտ 20%-ը չեղարկվել կամ հետաձգվել է։