Երբ վարվող քաղաքականության հիմքում պետական շահն է՝ կայացվող որոշումները փնտրտուքի տեղիք չեն տալիս

Հայաստանը՝ լինելով փոքր պետություն ու գտնվելով բարդ աշխարհաքաղաքական, աշխարհագրական միջավայրում, ՀՀ 3-րդ նախագահի օրոք իր արտաքին քաղաքականության իրագործման հայեցակարգերից մեկը դարձրեց «կոմպլեմենտարիզմը»: Սա համարվեց մի յուրօինակ մոդել, մի քաղաքականություն, շնորհիվ որի՝ մեր երկիրը կարողանում էր խուսափել գերտերությունների շահերի բախման կիզակետ դառնալուց, կարողանում էր հեռու մնալ «արևմտամետ, «ռուսամետ» (իսկ այսօր անգամ «թուրքամետ»)` բախում հրահրող կողմնորոշումներից:

Երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց` արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանն այսպես ձևակերպեց ՀՀ արտաքին քաղաքականության նոր մեկնարկը. «Առաջիկա տարիներին մենք պետք է վարենք ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Շարունակվելու է փոխլրացման («կոմպլեմենտար») քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ և գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը»։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը հետագա 10 տարիներին աշխարհի տարբեր երկրներում գործեց նախագահի այդ հրահանգի համաձայն` հիմքում ունենալով հայկական պետության ազգային շահը:

«Եվ…և»-ի քաղաքականության մի յուրօինակ, բացառիկ գործընթաց էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր նախապատրաստելու պատմությունն ու ԵԱՏՄ անդամակցությունը:

2011-2013 թվականներին, երբ Հայաստանն ակտիվորեն ընթանում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհով, նախագահ Սարգսյանը հայտարարեց իր մտադրությունը Մաքսային միության մեջ մտնելու ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևավորմանը մասնակցելու մասին: Շատերը՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Հայաստանում սկսեցին քննադատել Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 13-ին կայացրած որոշումը, այն բնորոշելով «մեկ գիշերում կայացված որոշում», ասվում էր՝ «Սարգսյանը մի գիշերում Հայաստանը տարավ Մաքսային միություն»: Մինչդեռ գործընթացը խելամիտ մտածված քայլ էր: Ժամանակը ցույց տվեց նախագահ Սարգսյանի` պետական գործիչի կայացրած հեռատես որոշման արդյունավետությունը: Առաջնորդվելով աշխարհաքաղաքական իրողություններում սեփական երկրի շահն առաջ մղելու ռազմավարական գերակայությամբ, Հայաստանը ԵՄ-ի հետ երկխոսությունը մեկնարկեց՝ հիմքում ունենալով փոխլրացման քաղաքականությունը, ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին չհակադրվելու տրամաբանությունը: Ի դեպ, մի կարևոր հանգամանք. այդ տարիներին Արևմուտքը ամենևին չէր պարտադրում Հայաստանին ԵՄ հետ ասոցացմամբ հակադրվել Ռուսաստանին, ԵՄ պաշտոնյաները Հայաստանը չէին կանգնեցնում երկընտրանքի առաջ, հակառակը` հայտարարում էին, որ իրենց համար հասկանալի և ընդունելի է Հայաստանի «և…և»-ի քաղաքականությունը:

Վստահաբար պետք է ասել, եթե ԵՄ-ի կողմից չլիներ նման դիրքորոշում, ապա Հայաստանը երբեք չէր գնա ԵՄ ասոցացման ճանապարհով և չէր հակադրվի ռազմավարական դաշնակցին: Սերժ Սարգսյանի կողմից վարվող ազնիվ, թափանցիկ քաղաքականությունն էր նաև պատճառը, որ ռուսական կողմում ևս հանգիստ էին վերաբերվում Հայաստանի եվրոասոցացման գործընթացին, քանզի որպես ռազմավարական դաշնակից տեղյակ էին գործընթացի բոլոր փուլերին:

Տարիներ անց` 2018-ին մյունխենյան անվտանգության համաժողովում, եվրոպացի հայտնի քաղաքագետներից մեկը հրապարակավ հայտարարեց` Սերժ Սարգսյանին այսօր բոլորը մատնացույց են անում որպես օրինակելի պետական գործիչի, որին հաջողվեց նոր մոդելի` բալանսավորված քաղաքականության իրականացմամբ պահպանել դաշնակցային համագործակցությունը ՌԴ հետ, միաժամանակ, ակտիվ համագործակցելով Արևմուտքի հետ: Եվրոպացիներն ու ռուսներն անկեղծորեն խոստովանում էին` սառը պատերազմի փուլում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը ամենահաջողակ օրինակն է: Իսկ այդ հաջողակ ու ճկուն արտաքին քաղաքականությունը հեշտ չձևավորվեց, այն երկարատև համբերատար ու ամենօրյա աշխատանքի արդյունք էր:

Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականությունն անցավ դժվարին փուլեր, ու քանիցս ապացուցեց իր ճկունությունը, որպես աշխարհաքաղաքական տարբեր ուղղությունների հետ համագործակցության նոր ու ճկուն մոդել, որպես հայկական ազգային շահը պաշտպանող, Հայաստանի նման փոքր պետության անվտանգությունն ամրացնող միակ հաջողված ձևաչափ:

Սակայն տարիներ անց ԵՄ-ը որոշեց գնալ իր խոստմանը հակառակ ուղղությամբ` խաղի ընթացքում փոխելով խաղի կանոնները։ Մեջտեղ բերվեց «կամ… կամ»-ի` պարտադրանքի քաղաքականությունը: Արևմուտքը սկսեց իր անազնիվ խաղը Հայաստանի հետ, ինչը չէր կարող ընդունելի լինել ՀՀ իշխանության կողմից: ԵՄ-ից եկող պարտադրանքներն առաջ էին բերում լարվածություն, սակայն Հայաստանի իշխանությունը շարունակեց գործընկերների հետ մինչև վերջ մնալ ազնիվ, վարելով սեփական երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն:

ՀՀ 3-րդ նախագահը համարձակորեն առաջ էր մղում Հայաստանի դիրքորոշումը՝ տարբեր հարթակներից եվրոպական գործընկերներին հիշեցնելով Արևելյան գործընկերության մասին հայաստանյան պատկերացումները։ Վիլնյուսյան գագաթնաժողովում, որը կայացավ 2013-ին, նախագահ Սարգսյանը հայտարարեց․ «Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»: Սերժ Սարգսյանի`«պետության կամ պետությունների խմբի դեմ» ձևակերպումը հստակ մեսիջ էր, որ Հայաստանը լինելու է ՌԴ-ի գլխավորությամբ ձևավորվող պետությունների խմբի` Եվրասիական Միության մեջ ու ԵՄ-ը դա պետք է գիտակցի:

Նկատենք, որ խաղի կանոների փոփոխումը ԵՄ կողմից անակնկալի չբերեց քաղաքական փորձառություն ունեցող Հանրապետական կուսակցությանը ու նրա ղեկավարին: Առհասարակ, երբ վարվող քաղաքականության հիմքում ազգային ու պետական շահն է՝ կայացվող որոշումները փնտրտուքների տեղիք չեն տալիս։ Հետևաբար, հարցը, թե ի՞նչ դիրքորոշում ունենալ, ի՞նչ ճանապարհով գնալ, եթե հանկարծ Արևմուտքը մեր երկիրը կանգնեցնի ընտրության առաջ` պարտադրելով «և․․և»-ից անցում կատարել «կա՛մ-կա՛մ»-ի, ՀՀԿ-ի համար պատասխանը մեկն էր՝ Հայաստանը չի կարող վտանգել սեփական անվտանգությունը, Հայաստանը չի՛ կարող անտեսել իր տնտեսական շահերը։ Հետևաբար, որոշումը կայացված էր՝ ճամբարափոխ չլինել, չփչացնելը հարաբերությունները ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։

Այսպիսին էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը` մտածված, հավասարակշռված, պետականահեն: Իզուր չէ, որ 2018-ին թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի փողերով իշխանության եկած քայլարածներն առաջին հարվածն ուղղեցին Հայաստանի կողմից վարվող պետականաշահ արտաքին քաղաքականությանը` զրոյացնելով տասնամյակների ձեռքբերումները:

Օտարի օրակարգի սպասարկու Փաշինյանի կառավարությունը իշխանավարման 5 տարիներին հասցրել է փլուզել Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգային համակարգերը, ջանք չի խնայում ամբողջությամբ փոխելու մեր անվտանգային ճարտարապետությունը` Հայաստանը վերածելով մեկուսացված, դաշնակիցներից լքված ու դրանով հեշտությամբ պարտություններ ընդունող պետության:

Արմինե Սիմոնյան