Ի հեճուկս թշնամու կրակոցների, Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս է կատարվել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կարտոֆիլի մեծածավալ ցանքս է իրականացվել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ Բերդաշենում առաջին անգամ են նման մասշտաբով կարտոֆիլ ցանում:

«Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաև համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։
Նրա խոսքով, համայնքի վարելահողերը հիմնականում արտեզյան ջրերով են ոռոգվում, սակայն էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ խնդիրներ են առաջանում։ Ըստ նրա,  համայնքի վարելահողերի միայն 12-13 տոկոսն է ոռոգվում։

«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։

Նա նշել է, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։

«Այս պահին արդեն տնկել և մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով, որ շարունակվում է գարնանանացանը  որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաև բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի և սոխի սերմերն են հողին պահ տվել։

Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 30-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող բերդաշենցի խաղաղ բնակչի ուղղությամբ: