Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացին: Նախօրեին այդ երկրի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված նիստի ժամանակ հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։

«Էրմենիհաբերի» փոխանցմամբ, ավելի ուշ արձանագրությունը պետք է հաստատվի Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ֆիննական հայտի վավերացման մեկնարկի վերաբերյալ որոշման մասին։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար դիմել են 2022 թվականի մայիսի 18-ին, ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը` Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այդ երկրների անդամակցության արձանագրությունը: Շվեդիան դեռ չի կարողացել Անկարայի հետ այս հարցում դիրքորոշումները համաձայնեցնել։