Ադրբեջանն ակնհայտորեն սպառնում է Իրանին, բայց Ալիևը գերագնահատում է իր ուժերը․ ադրբեջանագետ

Ադրբեջանական մամուլը շարունակում է ակտիվ հակաիրանական քարոզչություն իրականացնել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այսպես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը նշել էր, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ կանգած աղբյուրնեը շարունակ թիրախավորում են Ադրբեջանին… եթե Իրանը հանդես գա Հայաստանի պաշտպանության օգտին, ապա դա կործանարար կդառնա Իրանի համար…Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, հայ-պարսկական շովինզիմին պատասխան տալու համար: Եթե պարսկա-մոլլայական ռեժիմը քայլեր անի Ադրբեջանի դեմ, ապա դա այնպիսի հետևանքներ կունենա Իրանի համար, որը նրանք անգամ չեն պատկերացնում…»:
Ադրբեջանի «ԱՊԱ» լրատվականն էլ իր հոդվածներից մեկում նշում է, որ «Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը»: «Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Իրանը ահաբեկչական պետություն է։ Թեհրանը երբեք չի վախեցել դիմել ահաբեկչության ՝ իր նողկալի նպատակներին հասնելու համար։ Դրա վառ օրինակն է այս տարվա սկզբին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը:
Վերջին օրերին Թեհրանի ռեժիմի կողմից արված հայտարարությունները, նրա քայլերն արդեն իսկ հիմք են տալիս խոսելու այն մասին, որ նա հատել է բոլոր «կարմիր գծերը»։ Վերջին անիմացիոն տեսանյութում, որը նկարահանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն աշխարհի ազդեցիկ երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ցույց է տալիս, թե ինչպես Արաքս գետի վրայով դեպի Ադրբեջան թռչող ինչ-որ թռչուն հետագայում վերածվել է կամիկաձե դրոնի: Անիմացիոն պատկերն ուղեկցվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Լաչին» հայտնի պոեմի կատարմամբ…Իրեն մեծ պետություն անվանելով, Իրանը մեծություն չի դառնում։ Ագրեսիայով այլ երկրին սպառնացող Իրանը նույնքան փոքր ու ստոր է, որքան իր մերձավոր դաշնակից Հայաստանը։ Լավագույնն այն է, որ Թեհրանը հետևություններ անի իր եղբայր Երևանի ճակատագրից։ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ հասել են և հասնելու են իրենց առջև դրված նպատակին: Որքան էլ Թեհրանն ու նրա դաշնակիցները թռչուններ արձակեն իրենց անիմացիոն ֆիլմերում…»,- նշված է հոդվածում:
Փաստացի, Իսրայելին տարածաշրջան բերող, օկուպացած Կովսականում Իսրայելի ռազմական ներկայությունն ապահովող ու տարածաշրջանի թիվ մեկ ապակայունացնող գործոն հանդիսացող Ադրբեջանն արդեն ակնհայտորեն սկսել է սպառնալ Իրանին: Ինչ խոսք, Ալիևի ախորժակը գնալով ավելի է մեծանում, բայց նա այդ ճանապարհին, գերագնահատում է իր ուժերը…»,- գրում է ադրբեջանագետը։

Հ.Գ. Անիմացիոն վերոնշյալ նյութը հասանելի է այստեղ՝
https://twitter.com/RezaAbbasi23/status/1638224786315681817?t=pm9bJMcieJHUDF2l2Wmbmg&s=19

Իսկ Էրդողանի հայտնի քառատողի մասին այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=VCIvKxYHkCU