Խաղաղապահները բանակցելու համար մոտեցել են Վերիշենի դիրքերին, ադրբեջանցիները կրակել են

Ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ դիրքերին, որպեսզի բանակցեն ազերների հետ և փորձեն վերադարձնել գերեվարված Մ. Գյուլնաբարյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը, փոխանցում է 24news.am-ը։

«Այդ իսկ պահին ազերները կրակ են բացել ռուսական խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ են նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի:

Մինչ այժմ ոչ մի տեղեկություն գերեվարված Մ. Գյուլնաբարյանի մասին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։

Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։