Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ առաքելությունից․ Արարատ Միրզոյան

ԵՄ առաքելությունը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը և Երևանի առաջնահերթությունները օրենքի գերակայության և ժողովրդավարության հարցերում։ Միրզոյանը ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու մասին հարցի ձևակերպումը ոչ կոռեկտ է անվանել՝ պարզաբանելով, որ Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Բացատրելով, թե ինչու դա տեղի չի ունեցել մինչ օրս, Միրզոյանը հիշեցրել է, որ «Հայաստանի համար առանցքային էր, որ մեր պատկերացմամբ՝ ՀԱՊԿ գործընկերներն անուղղակիորեն, բայց չէին ճանաչում պատասխանատվության հստակ գոտին։ Դա ինչ-որ չափով խնդրահարույց էր»:

Սերգեյ Լավրովն էլ հիշեցրել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախագծի ստեղծմանը շատ ժամեր են հատկացրել։ «Խնդիրն այն է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները ստորագրեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է դրան։ Ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվում հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից»,- գոհունակություն է հայտնել Լավրովը։