Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել
Ծաղկաձորում Ռուսական կենտրոն է բացվել, որտեղ այսօր անցկացվել է հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի մասնակիցները, երկու երկրների դեսպանները` Սերգեյ Կոպիրկինն ու Վաղարշակ Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և գիտության գործիչներ։ Կարմիր ժապավենը կտրել են Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովը և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։ Իրենց ողջունի խոսքում նրանք ընդգծել են նման հաստատությունների կարևորությունը կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ամրապնդման և զարգացման գործում։
«Մեզ շատ հաճելի է, որ այստեղ, այս հիասքանչ զբոսաշրջային քաղաքում, Ռուսական կենտրոն է բացվել, որը հնարավորություն կտա ցանկացողներին հաղորդակցվելու ռուսական մշակույթի հետ։ Մեր երկրի և ձեր քաղաքի այս փոքր, բայց ջերմ ու հյուրընկալ անկյունը, հուսով եմ, կփոխանցի մեր սիրո ողջ ջերմությունը ձեր, բոլոր հայերի հանդեպ։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն ամրանա, որպեսզի մեր երկրներն ու ժողովուրդները մեկ ուղով գնան», – ասել է Վորոբյովը։
Արշակյանի խոսքով` ռուսաց լեզուն անհրաժեշտ է ոչ միայն շփվելու, այլև ժողովուրդների և երկրների միջև մշակութային ու գործարար, ինչպես նաև կրթական կապեր հաստատելու համար։
«Այս համատեքստում Ռուսական կենտրոնի բացումը կարևոր և անհրաժեշտ նախաձեռնություն է, որն ուղղված է մեր հարաբերությունների զարգացմանը», – ասել է փոխխոսնակը։
Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսը կենտրոնին նվիրել է Կրասնոյարսկի հայտնի մարդկանց` Վիկտոր Աստաֆևի գիրքն ու Դմիտրի Խվորոստովսկու ձայնագրությունները։ Ռուսական կենտրոնի նպատակներն ու խնդիրները ներկայացնելով` Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ընդգծել է, որ նոր հաստատության նպատակն է աջակցել ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման ծրագրերին, ինչպես նաև անաչառ և հավաստի տեղեկություն տարածել Ռուսաստանի մասին։
Ծաղկաձորում բացված Ռուսական կենտրոնն արդեն իններորդն է։ Նման հաստատություններ են գործում Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Իջևանում, Քաջարանում, Հրազդանում, Մալիշկա և Վարդաձոր բնակավայրերում։ Այս տարի նախատեսվում է Ռուսական կենտրոններ բացել նաև Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում։