Գարնանը իշխանափոխություն է լինելու, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին` հանուն մեր սուրբ հայրենիքի (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուր Երևանի նախկին քաղաքապետ, «Նիկոլ Դուման» ջոկատի հիմնադիր հրամանատար, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանն է:
Ալբերտ Բազեյանը հարցազրույցում, մասնավորաբար, ասել է.
- Ադրբեջանն Արցախում իրականացնելով ահաբեկչական գործողություն` նպատակ ունի լարվածություն ստեղծել ու պարտադրել ՀՀ-ին կնքել խաղաղության պայմանագիր: Դրա հետևանքով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում:
- Ադրբեջանը միայն Արցախով չի բավարարվելու, նրանք մտնելու են Սյունիք: Ալիևն անդադար խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին: Նա տարբեր համաժողովներում հայտարարում է, թե հայերը եկվորներ են, իսկ Երևանն ադրբեջանական քաղաք է, իրենք էլ, իբր, բնիկ ժողովուրդ են: Եթե Ադրբեջանը վերցրեց Սյունիքը, ապա գալու-հասնելու է Երևան:
- Մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հայկական բոլոր տեղանուններին տալիս է ադրբեջանական անվանումներ:
- Ներկայիս իրավիճակի գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Գալով իշխանության` նա հայտարարեց` «Սա Հայաստան է, ու վերջ», այսինքն, կրկնեց Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը, որը նա ասել էր Արցախյան պատերազմի ժամանակ: Փաշինյանն այդ կերպ սրեց իրադրությունը:
- Փաշինյանը հրահրեց պատերազմ, նրա ՊՆ նախարարը` Դավիթ Տոնոյանը հայտարարեց` «նոր պատերազմ, նոր տարածքներ», այսինքն` մեծ-մեծ խոսեց, ասելով, եթե սկսեք պատերազմ` մենք նոր տարածքներ կգրավենք:
- Ադրբեջանն անցած տարիներին պատրաստվել էր պատերազմի. ուներ հզոր դաշնակիցներ` նրա ազգակից Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Բացի այդ, Սիրիայից բերել էին վարձկաններ: Ադրբեջանին օգնում էր Իսրայելը` իր ռազմական տեխնիկայով: Օգնում էր Պակիստանը, որն առ այսօր չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն: Ցավոք, օգնում էր նաև Ուկրաինան` ռազմական տեխնիկա մատակարարելով Ադրբեջանին: Եվ ընթացավ անհավասար պատերազմ:
- Փաշինյանը պետք է ՀՀ օրենսդրության համաձայն ենթարկվի քրեական պատասխանատվության` երկիրը կապիտուլյացիայի տանելու, 5000 անմեղ զինվորներին, կամավորականներին զոհաբերելու, մեր հայրենիքի զգալի հատվածն Ադրբեջանին զիջելու համար:
- Շուշիի գրավումը Ադրբեջանի կողմից ինձ համար հանելուկ է: Շուշին բերդաքաղաք է: Ժամանակին մենք հպարտությամբ էինք ասում, որ Կոմանդոսի հրամանատարությամբ կարողացանք ազատագրել Շուշին: Ով տիրում է Շուշին, նա տիրում է Արցախը, ով տիրում է Արցախը, նա տիրում է Կովկասը: Արցախը մեր պատվարն է: Չենք կարող թույլ տալ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում:
- Մենք չենք կարող պարտության համար մեղադրել մեր բանակին, պարտության գլխավոր մեղավորը երկրի գերագույն գլխավոր հրամանատար հռչակված Փաշինյանն է: Նա և՛ պատասխանատու է, և՛ մեղավոր:
- Աշխարհի հայությունը պե՛տք է համախմբվի մեկ միասնական նպատակի շուրջ` պահելու և պահպանելու մեր սուրբ հայրենիքը` Հայաստանն Արցախի հետ միասին:
- Քանի դեռ ՀՀ իշխանության ղեկավարը Փաշինյանն է, Ալիևը Հայաստանից պահանջելու է ավելին:
- «Իսկանդերը» պատերազի ժամանակ չկարողացան օգտագործել: Բայց կարող էին խփել ադրբեջանական նավթամուղերին, գազամուղին, Մինգենչաուրի ջրամբարին, պատերազմ էր, ու ամեն ինչ կարելի էր, Ադրբեջանն ինչպե՞ս էր իր անօդաչուներով խփում Ստեփանակերտի քաղաքացիական շենքերին` հիվանդանոցներին, մանկապարտեզներին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդեցին:
- Հայկական բանակն այսօր բարձիթողի վիճակում է: Սպայական փորձառու սպաների վրա հարուցվեցին քրեական գործեր: Ուռճացրել են ոստիկանական համակարգը, ավելացրել են ոստիկանների թիվը, բարձրացրել են նրանց աշխատավարձերը, պաշտոնյաներն ու պատգամավորները ստանում են մի քանի անգամ բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ: Այդ բոլորը պետք է կրճատել և ուղղել բանակին:
- Լինելով թերթի խմբագիր՝ Փաշինյանը հոդվածներ էր գրում բանակի դեմ, մինչդեռ, եթե նա լիներ հայրենասեր լրագրող, կզանգահարեր ՊՆ, կտեղեկացներ տվյալ խնդրի մասին, ոչ թե բանակի մի փոքր թերությունը կդարձներ հասարակական քննարկման առարկա: Երբ նա որպես լրագրող ինձ հրավիրեց հարցազրույցի, Վազգեն Սարգսյանը նեղացել էր, ասաց, նիկոլն ո՞վ է, որ դու գնում ես դրան հարցազրույց տալու: Փաշինյանը մշտապես բանակի հանդեպ ունեցել է թշնամական վերաբերմունք:
- Հիմա էլ Խաչատուրովների ընտանիքի հետևից են ընկել: Գրիգորի Խաչատուրովը շատ լավ զինվորական է, իսկ Յուրի Խաչատուրովի դեմ դեռ ՀԱՊԿ նախագահ եղած ժամանակ քրեական գործ հարուցեցին` նեղացնելով ՀԱՊԿ դաշնակիցներին:
- Արայիկ Հարությունյանը կատարելով Ալիևի հրահանգը` հեռացրեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից, ու շարունակում է կատարել Ալիևի հրահանգները:
- Հոկետեմբերի 27-ի գիշերն ինձ զանգահարեցին, ասացին` ՀՀ նախագահը հրավիրում է Ազգային ժողով: Ռոբերտ Քոչարյանն ինձ ցույց տվեց մի թուղթ. դիակները դեռ դահլիճում էին, սակայն մի խումբ մարդիկ արդեն պաշտոններ էին բաժանում` Վահան Շիրխանյանը` վարչապետ, Անդրանիկ Քոչարյանը` փոխվարչապետ, Գագիկ Ջհանգիրյանը` գլխավոր դատախազ, Մուրադ Կիրակոսյանը` ՆԳ նախարար, Վաղարշակ Հարությունյանը` ՊՆ նախարար, նրա եղբայրը` ԱԱԾ պետ….
- Գարնանը պետք է իշխանափոխություն կատարվի, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, Փաշինյանը հեռացվելու է և ենթարկվելու է քրեական պատասխանատվության:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: