Իրանում խիստ անհանգստացած են Հարավային Կովկաս ոչտարածաշրջանային ուժեր բերելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունից

Իրանում խիստ անհանգստացած են Հարավային Կովկաս ոչտարածաշրջանային ուժեր բերելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունից։ Տրադիցիոն զգուշավոր հայտարարություններով աչքի ընկնող իրանցիներն այս հարցում խիստ կոնկրետ և միանշանակ հայտարարություններով են հանդես գալիս՝ նշելով, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը Սյունիքում որպես սպառնալիք են ընկալում Իրանի համար։

Այս թեմաների շուրջ մարտի 4-ին բավական հետաքրքիր քննարկում ենք ունեցել Իրանի Խորհրդարանի Հետազոտական Կենտրոնում (IPRC): Քննարկմանը մասնակցում էին նաև կովկասյան խնդիրներով զբաղվող իրանական այլ կենտրոնների փորձագետներ։ Միջոցառումը հնարավոր է եղել կազմակերպել Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով։

Հանդիպման ընթացքում իրանցի փորձագետներն անընդհատ խոսում էին Սյունիքին սպառնացող վտանգների մասին և ակնարկում, որ Իրանն ամեն ինչ կանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Միևնույն ժամանակ նրանք նշում էին, որ չեն հասկանում Փաշինյանի վարքագիծը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ մտահոգիչ է և որ տարածաշրջանի անվտանգային խնդիրները միանգամայն այլ մոտեցումներ են պահանջում Ռուսաստանից, Հայաստանից և Իրանից։

Բոլոր այս հարցերի մասին մեծ կոնֆերանս է եղել նաև մարտի 5-ին, որտեղ նույնպես չափազանց հետաքրքիր գնահատականներ են հնչել։ Առաջիկայում անպայման կանդրադառնամ առավել կարևոր թեզերին։ Կարծում եմ՝ մեր հանրությունը պարտավոր է իմանալ, թե ինչպես են մեր հարևաններն ընկալում Հայաստանի իշխանությունների այս կամ այն քայլը և թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ցավոք, խնդիրներն ու սպառնալիքները շատ ավելի շատ են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ