ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ադրբեջանի զինվորականները մարտի 5-ին գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում։

«2023թ.մարտի 5-ին՝ ժամը 10: 00-ին, Դուքյանլար բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է մեքենայում գտնվող մեկ աշխատակից։ Ադրբեջանական կողմից կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասվում է տեղեկագրում։

Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։