Փաշինյանը հանդիպել է գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԳԴՀ Արեւելյան հանձնաժողովի եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաեւ մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, ավիահաղորդակցության եւ այլ ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումը հայ-գերմանական առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների եւ ցուցանիշների մասին: Վարչապետը նշել է, որ 2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018թ. ի վեր ստեղծվել է 156 000 նոր աշխատատեղ, պետական բյուջեի մուտքերն ավելացել են  1,8 մլրդ դոլարով: Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերացվել է մենաշնորհը, այժմ բարեփոխումներ են իրականացվում տնտեսության ոլորտում, մասնավորապես, գյուղատնտեսության արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ուղղություններով: Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը եւս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային եւ մաքսային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական եւ ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ` հավելելով, որ երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման եւ մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ եւ հնարավորություններ կան:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը: