Հայրենիքը կարող են փրկել մեր կողքին ապրող իրական զորավարները

Օրերս LIVEnews.am-ի «Մտորենք միասին» հաղորդաշարի եթերում իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, խոսելով հայրենասիրության, Հայրենիքի պաշտպանության, երկրում առաջընթաց ապահովելու մասին, հանրության ուշադրությունը սևեռեց մի շատ կարևոր իրողության վրա՝ մենք գնահատում ենք միայն մահացածներին․ «Մենք ունենք Սպարապետ Վազգեն Սարգսյան, որը մեծ ներդրում է ունեցել պետության, պետականության, բանակաշինության գործում։ Վազգեն Սարգսյանի կողքին մենք ունենք նաև Սերժ Սարգսյան, որը նույնպես ունեցել է բավականին մեծ ներդրում թե պետականաշինության, թե բանակաշինության և թե դիվանագիտության մեջ։ Այսօր շատերը, հենց մի նեղ վիճակ է լինում, «Ֆեյսբուքի» իրենց պատին դնում են Վազգեն Սարգսյանի նկարը և գրում՝ ո՞ւր ես Զորավար, արի, գլուխդ հանի, բարձրացի ու տես։ Ժողովուրդ ջան, բարի հիշատակ Վազգեն Սարգսյանին, բայց ոչ պակաս զորավար ունենք՝ Սերժ Սարգսյան, որը տարիներ առաջ, Աստված մի արասցե, մահացած լիներ, ես վստահ եմ, էսօր իր նկարն էինք դնելու մեր պատերին և ասելու՝ Զորավար, ո՞ւր ես, արի մեզ փրկի։ Բա հերիք չէ այդ մարդուն մերժեցիք, հիմա էլ․․․ դե գնացեք էդ մարդուն խնդրեք, անպայման պիտի էդ մարդիկ մահացա՞ծ լինեն․․․»։

Եվ իսկապես 2018-ին, երբ հստակ տեխնոլոգիաներով ուղղորդված ամբոխը, առանց գիտակցելու, համընդհանուր հոսանքի տակ մերժում էր Սերժ Սարգսյանին, գեթ մեկ վայրկյան չէր գիտակցում՝ մերժելով ի՞նչ է ձեռք բերում։ Իսկ իրականում «ձեռք բերեց» սին խոստումներ, 2020 թ․ 44-օրյա պատերազմ, 5000-ից ավելի հայորդու կորուստ, սևազգեստ մայրեր, մոռացության մատնված ռազմագերիներ, խարխլված ճակատագրեր, տարածքի և արժանապատվության կորուստ, վտանգված ապագա․․․

Իսկ ինչ ունեինք մինչ 2018-ը․ունեինք կայուն, անվտանգ, արժանապատիվ պետություն, երկու հայկական հանրապետություն, հաղթանակներ և վախեցած թշնամի, որը միջազգային հանրությանն անդադար բողոքում էր, սրտնեղում, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Այսօր շատ է խոսվում 2020 թ․ 44-օրյա պատերազմի մասին, քանզի հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները, և հաճախ զուգահեռներ տանում 2016-ի քառօրյա պատերազմի հետ։ Բնավ մտադիր չեմ հավասարության նշան դնել ՀՀ նորանկախ պատմության վերջին երկու պատերազմների միջև, բայց չենք կարող չարձանագրել, որ 2016-ի պատերազմը տևեց ընդամենը 4 օր և պսակվեց հայկական կողմի հաղթանակով, որովհետև կար Գերագույն գլխավոր հրամանատար, ճկուն դիվանագետ և քաղաքական գործիչ, որը կարողացավ ճիշտ ժամանակին զսպել Բաքվի բռնապետի առավելապաշտական ախորժակը։

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով։ Այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցում էր Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Ապրիլի 2-ին վերադառնալով Երևան` նախագահն անմիջապես հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություները կանխելու և հակահարված հասցնելու հարցերով։ Դրան հաջորդում է նաև ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը պահանջում է դիվանագետներից հստակ դիրքորոշում հայտնել․«Որպես ԵԱՀԿ անդամ-երկիր, Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։ Եթե առկա է կամք և ցանկություն՝ շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994 թ. զինադադարի ռեժիմը»։

Ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին հանձնարարում է համաձայնել Ադրբեջանի  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խնդրանքով Մոսկվայում հանդիպելու առաջարկին։ Հանդիպումը կայանում է, և բանակցություններն ավարտվում են հստակ արդյունքով։

Գերագույն գլխավոր հրամանատարից ռազմական և դիվանագիտական ճակատներում պահանջվում էին համաժամանակյա և արագ կողմնորոշում և հստակ գործողություններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ ապրիլի 5-ի ժամը 12-ի դրությամբ հաստատվում է հրադադար։ Շփման գծի ամբողջ երկայնքով դադարեցվում են ռազմական գործողությունները։

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շատերն են գիտակցում իրենց սխալը, իրենց մոլորվածությունը, սակայն ոչ բոլորն են խիզախում խոստովանել և հասկանալ, թե ինչ ունենք, և ում շնորհիվ ու ջանքերով կկարողանանք առաջ ընթանալ և փրկել Հայրենիքը։

Հապաղելու ժամանակ չունենք։

Ժաննա Ծառուկյան