ԵՄ դիտորդներ, Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն․ երերուն խաղաղությո՞ւն, թե դիտավորյալ շեղում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։

 Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի և բարեկամ պետություն Իրանի արձագանքների մասին՝ բանախոսն ուշադրությունը նախ և առաջ սևեռեց այն հանգամանքին, որ եթե մինչ օրս նախորդ դիտորդական առաքելության գործունեության մասին մենք չունենք ոչ մի տեղեկություն, թե ինչ են նրանք արձանագրել, ինչ բովանդակությամբ զեկույց են կազմել, ում են զեկուցել, ինչ հետևանքներ կարող է ունենալ, հետևաբար հայտնի չէ նաև այս առաքելության գործառույթները որոնք են լինելու, ինչը և կասկածի տակ է դնում բուն առաքելությունը․ «Այստեղ չափազանց բարդ է, ավելի շատ պետք է ենթադրությունների դաշտ գանք, արձանագրենք էն արձագանքները, որոնք մեզ ուղղված են մեր դաշնակից երկրներից։ Առաջնային արձանագրենք, որ Իրանի կողմից չափազանց կոշտ արձագանք է դեպի ՀՀ ուղղված, և այս ամենը հասկանալով՝ գործող իշխանությունները գոնե պետք է փորձեն այդ լարվածությունը թուլացնել։ Արդյո՞ք մեր շահերից է բխում այս փուլում գնալ առճակատման Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Իմ գնահատմամբ, մեր շահերից չի բխում այդ ամեն ինչը, և մենք պետք է փորձենք առնվազն հարթեցնել այդ սուր անկյունները և մեր գործնկերներին բացատրել, ինչ-որ իմաստով համոզել, փորձել ընկալելի դարձնել, թե մենք ինչու ենք գնացել այս կամ այն քայլին, իսկ մենք դրան հակառակ, տպավորություն ունեմ, որ ավելի սրում ենք իրավիճակը՝ հայտարարելով, թե ԵՄ դիտորդները եկել են այստեղ, որպեսզի պարզեն, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը ինչ-որ դավադիր պլաններ չունե՞ն և չե՞ն ուզում Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել»։

Փորձագետի դիտարկմամբ՝ երբ այս ամենը հայտարարվում է երկրի ամենաբարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, կարելի է արձանագրել առաջին հերթին, որ մեր դիվանագիտական բլոկը չի կարողանում փաստեր ներկայացնել, որ իրականում Հայաստանը այսպիսի իրավիճակում է և նման պլաններ չունի, և ստացվում է, որ մենք դիվանագիտական լուրջ խնդիր ունենք, որ չենք կարողանում այդ ակնհայտ փաստը բացատրել․ «Ալիևը կարողանում է բոլորին համոզել, թե տեսեք՝ Հայաստանը էսպիսի դավադիր պլաններ ունի, ու ԵՄ-ն էլ էնտեղ նստած ասում է՝ գնանք պարզենք, տեսնենք՝ ճի՞շտ է ասում Ալիևը, թե չէ։ Այսինքն՝ հակափաստարկը, ինչպես ասում են, ձգտում է զրոյի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում