Սիրիայի դեսպանը Թովմասյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ ծանր պահին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով փետրվարի 9-ին խորհրդարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը եւ հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասսան Ալատհբայը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Թագուհի Թովմասյանը գործընկերներին խորին ցավակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետեւանքների կապակցությամբ:

«Դժբախտ պատահարների հետեւանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ եւ անտուն մնացած մարդիկ: Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա»,- նշել է դեսպանը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանից հետաքրքրվել է Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրերով: Նախնական տվյալներով, ցավոք, կա 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերն ապաստանել են հայկական եկեղեցիներում եւ միության սրահներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար:

Թագուհի Թովմասյանը գործընկերներին հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային:

Դեսպանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար:

«Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»,- ասել է Թագուհի Թովմասյանը: