ԱԺ պատգամավորները Սերբիայի դեսպանին են ներկայացրել Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ, որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԱԺ տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ սերտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում կնպաստեն երկու երկրների խաղաղ և բնականոն զարգացմանը:
Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով՝ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով: Ըստ դեսպանի՝ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար:
Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:
Նա խոսել է առաջացած հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկ բնաջնջում իրականացնելու մասին: Հայկ Մամիջանյանը հույս է հայտնել, որ միջազգային համայնքը մեծ ճնշում կգործադրի ադրբեջանցի իշխանությունների վրա` շեշտելով, որ շատ միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն արդեն արտահայտել են, խոսել են պաշտոնական Բաքվի հետ` առաջարկելով դադարացնել շրջափակումը:
Միքայել Թումասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի ապրիլին, որպես դիտորդ, ներկա է գտնվել Բելգրադում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ, որոնք շատ ջերմ են արտահայտվել Հայաստանի և հայ ժողովրդի մասին:
Պատգամավորը, կարևորելով բարեկամական խմբերի աշխատանքը, նշել է, որ ներկայում Սերբիայի խորհրդարանում կա ազգությամբ հայ երիտասարդ պատգամավոր, որը նաև Սերբիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ է:
Զրույցում ընդգծվել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող խորհրդարանական դիվանագիտությունը, մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն: Նշվել է, որ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ցանկությունը մեծ է:
Անդրադարձ է կատարվել տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը: