Հայաստանում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր․ Փաշինյան

Այսօր ես կցանկանայի մեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ արդիական թվային գործիքի վրա, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին համագործակցել մեր երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Խոսքն «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին է, որը մշակվել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի գաղափարի իրականացման շրջանակում։ Այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, և ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։
Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն։
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը։
Հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։

Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։ Հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով։

Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ մեր ազգային տիրույթը հաշվի է առնում մեր շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։ Այսպիսով, մենք մշակում ենք «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը նոր հավելյալ արժեքով։

Հայաստանն ու Ռուսաստանը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցներն էին։ Մեր կապը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը և ազգային ծառայությունների առավելությունների ինտեգրման կուտակային ազդեցությունը: Եվ մենք սատարում ենք Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ մեր ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի»,- ասաց նա։