Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը։

Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։

«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,- նշեց նա։

Նշենք, որ աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: