Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 2

Սկիզբը` այստեղ

Հիմա տեսնենք, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կառավարության երեկվա նիստում ինչ խորամանկ հնարքի դիմեց՝ թաքցնելու, կոծկելու համար նույն օրը տեղի ունեցած ողբերգության՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի իրական մեղավորներին, հրդեհ, որն ինչպես արդեն հայտնի է, խլել է պարտադիր ժամկետային զինծառայողներից 15- ի կյանքը:

«Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ներողություն, դեկտեմբերի 21-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14-ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», և հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար,- ասաց Նիկոլը:- Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»: Այսինքն՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը…

Ընդ որում, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ- որ բաների կարիք չլինի»:

Այո, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը շատ ճիշտ կարգադրություն  է ստորագրել, բայց ո՞վ պետք է հետևեր նշված կարգադրության կատարմանը, ո՞վ կամ ովքե՞ր պետք է իրականացնեին կարգադրության կատարման նկատմամբ հսկողություն, վերահսկողություն…

Վերոնշյալ հարցի պատասխանը հենց նույն փաստաթղթի մեջ է, որում չի կարող նշված չլինել, նշված է, թե կարգադրության կատարման նկատմամբ վերահսկողությունն ում վրա է դրված: ԶՈւ գլխավոր շտաբի պետը 14-ԳՇ կարգադրության նկատմամբ վերահսկողությունը կարող էր դրած լինել ինքն իր վրա կամ իր տեղակալներից, ենթակա պաշտոնյաներից որևէ մեկի վրա: Բայց Նիկոլը կարգադրության տվյալ մասը չկարդաց, չներկայացրեց հանրությանը, թաքցրեց՝ ասելով, թե «Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել…»:

Կարգադրության ամբողջ շարադրանքը թերևս պետք չէր հրապարակել, բայց տվյալ մասն անպայման պետք էր հրապարակել, պարտավոր էր հրապարակել, որպեսզի հասարակությունն իմանար, թե ով է թերացել իր ծառայողական պարտականությունների կատարման գործում, չի կատարել կարգադրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր վրա դրված պարտականությունը:

Եվ երբ Նիկոլը կարգադրության տվյալ մասը չի հրապարակել, կարո՞ղ ենք մտածել, որ դրանով նպատակ է ունեցել թաքցնել ու պատասխանատվությունից ազատել այն զինվորական այն բարձրաստիճան պաշտոնյային, որի վրա նշված փաստաթղթով դրված է եղել դրա կամ դրա 7-րդ կետի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը: Իհարկե՛ ունենք, քանի դեռ Նիկոլը, ՊՆ-ն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կամ քրեական վարույթն իրականացնող մարմինը չեն հրապարակել 14-ԳՇ կարգադրության համապատասխան մասը: Թող հրապարակեն, և այդ ժամանակ այս առումով ամեն ինչ պարզ կլինի:

Քանի որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը վերոնշյալ կարգադրությունն է տվել, կարող ենք եզրակացնել նաև, որ զորամասերում, զորանոցներում վառարանների շահագործման համար, որպես կպչան, ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկներ օգտագործելու խիստ վտանգավոր և անթույլատրելի պրակտիկա է եղել (հենց կարգադրության 7-րդ կետն է այդ մասին հուշում կամ մատնում), ինչին ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԶՈւ ղեկավարությունը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը, «պաշտպանության նախարարություն» կոչվածի ղեկավարությունը տեղյակ են եղել:

Տեղյակ լինելով հանդերձ, նրանցից որևէ մեկի մոտ հա՞րց չի առաջացել, թե վառարանները վառելու համար բաժանված հատուկ այրիչները կամ, թեկուզ, դրանց մի մասն ինչո՞ւ տեղ չի հասել, ո՞վ կամ ովքե՞ր են վերոնշյալ այրիչները յուրացրել, Հայաստանում կամ Հայաստանից դուրս իրացրել, գումարը լափել, իսկ եթե յուրացում չի եղել, այրիչները տեղ են հասել, ապա ինչո՞ւ դրանք չեն օգտագործվում, և զինծառայողները վառարանների շահագործման համար, որպես կպչան, օգտագործում են դյուրավառ հեղուկներ: Սա պետք է ժամանակին պարզած լինեին:

Զինծառայողները հատուկ այրիչները, եթե ստացել էին, կարող էին չօգտագործել միայն դրանց խոտան, անպիտան լինելու պարագայում, հետևաբար այդ դեպքում, մինչ վերոնշյալ ողբերգությունը, պետք էր պարզել՝ ո՞ր ընկերությունից է գնումը կատարվել, ի՞նչ ընթացակարգով, առկա՞ է կոռուպցիոն գործարք, ո՞ւմ մեղքով է խոտան այրիչներ գնվել (բա «պաշտպանության նախարարություն» կոչվածի Ռազմական վերահսկողական ծառայությունն ինչի՞ համար էր…):

Մեղավորը կամ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեին, գործարքը պետք է չեղյալ համարվեր, նոր, պիտանի այրիչներ պետք է ձեռք բերվեին ու բաժանվեին: Եթե այս ամենն արվեր, ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը վառելու համար բենզին չէր օգտագործվի (դրա կարիքը պարզապես չէր լինի), չէր լինի նաև հիշյալ ողբերգությունը: Գրվածն, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում վառարանը բենզինով շահագործել փորձած սպայի (կապիտանի) խիստ վտանգավոր, անթույլատրելի, հանցավոր արարքը:

Ցանկացած պարագայում անթույլատրելի էր շուրջրյա շահագործվող վառարանում (ուր կրակի թեկուզ մի նշույլ կարող էր լինել) եղած փայտը կամ քարածուխը վառելու կամ կրակը թեժացնելու համար բենզինի օգտագործումը, առավել ևս՝ վառարանի մեջ 5 լիտրանոց պլատմասսե տարայից բենզին լցնելը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան