Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունվարի 27-ին իր շվեդ գործընկերոջ այցը երկիր չեղարկվել է, քանի որ «դա այլևս իմաստ չունի», փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը նախատեսում էր Անկարայում քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումը, որը Թուրքիան դեռ չի վավերացրել։

«Այն փուլում, որին մենք հասել ենք, հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի Թուրքիա այցի կարևորությունն ու իմաստն այլևս չկա։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ասել է Աքարը։

Ավելի վաղ Ստոկհոլմում տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմնակիցների ակցիան, որի ժամանակ թույլ են տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ: Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղյալ հայտարարեց շվեդ գործընկերոջ՝ Անկարա նախատեսված այցը։

Թուրքիայի նախագահի փաստաբանը բողոքի ակցիայի հետ կապված դիմում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, հարուցվել է քրեական գործ։ Շվեդիայի ԱԳ նախարար  հայտարարել է, որ այդ ակցիան կարող է բարդացնել Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը։