Այրվածքներ ստացած զինծառայողների վիճակում փոքր դրական դինամիկա է նկատվում

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած զինծառայողների վիճակում փոքր դրական դինամիկա է  նկատվում: Այս մասին ասել է Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Զինծառայողներից երկուսը գտնվում են  վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկին միացված է արհեստական շնչառական ապարատ: Քիչ դրական դինամիկա կա, երկու օրից արդեն պարզ կլինի»,-ասել է նա` նշելով, որ նրանց կյանքին դեռևս վտանգ է սպառնում:

Նշենք, որ զինծառայողներից մեկն էլ  գտնվում է հիվանդասենյակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։