Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը

Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114։

Հիշեցնենք՝ արցախցիները կտրոններով կկարողանան ձեռք բերել բրինձ, մակարոնեղենը, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: Կտրոններով վաճառք կիրականացվի հունվարի 20-ից սկսած։

Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։

Կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է ժամը 9:00-ից:

Ավելորդ հերթերից խուսափելու համար Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը: