ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տարանցումը

«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է երեսուն օր շարունակ Լաչինի միջանցքը փակ լինելու փաստով, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների խիստ պակասի պատճառ»։ Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն այս կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նշեն,ք որ նիստը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ կերպով վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակ կերպով ներառում են երաշխիքներ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով», ասել է նա ու ավելացել, որ Լաչինի փակ լինելու հանգամանքը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»,- ասել է նա։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Ես նաև ակնկալում եմ բովանդակալից քննարկում Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքներով, սկզբունքներով և պարտավորություններով: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել:

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- նշել է նա։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն իր հայտարարությունը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները ակնկալում է աշխատել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ բարելավելու անվտանգությունն այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմանի, բազմակողմ գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար»։