Թուրքիան Ուկրաինայի հարցում մի օր պետք է ցույց տար իր կոտոշները և ցույց տվեց

 Թուրքը մնում է թուրք, և Թուրքիան մնում է Թուրքիա: Ուշ թե շուտ, չնայած չեզոքություն, լոյալություն, օբյեկտիվություն, արդարամտություն խաղալուն, Թուրքիան Ռուսաստանին Ուկրաինայի հարցում մի օր պետք է ցույց տար իր կոտոշները, և այդ օրն եկել է արդեն:

Խնդիրը սոսկ այն չէ, թե Ղրիմը, Թուրքիայի կարծիքով, ում է պատկանում: Էրդողանը և Թուրքիայի այլ պաշտոնյաներ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցման» մասին առնվազն դեռ 2019 թվականից հրապարակավ արտահայտվել են,  հայտարարել, որ «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ»: Էրդողանը 2021թ. սեպտեմբերի 21-ին նորից, այս անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։

«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ՝ Ղրիմի տարածքը, որի միացումը մենք չենք ճանաչում»,- ասել է Էրդողանը:

Հետո Էրդողանն ու Պուտինը շատ են հանդիպել, բազմիցս զրուցել նաև հեռախոսով, և ոմանց թվում էր, թե գոնե հրապարակայնորեն միմյանց հակադրվելու խնդիր այլևս չկա: Սակայն երկու երկրների տարաձայնությունները ոչ միայն Ղրիմի, այլև գլոբալ հարցերում օրերս արտահայտվեցին մի նոր թափով:

Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը համեմատաբար վերջերս, հղում անելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկու շրջապատն ավարտում է Ուկրաինայում նրա տասը կետից բաղկացած «խաղաղության ծրագրի» մշակումը և մտադիր է ներկայացնել իրենց գաղափարները մոտավորապես փետրվարին։ Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ G20-ի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ ինքը բարձրաձայնել է Ուկրաինայում խաղաղության վերականգնմանն ուղղված քայլերի իր տեսլականը, որը բաղկացած է 10 կետից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն իսկ ասել էր, որ մինչ այժմ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիր» չկա, և պլան, որը հաշվի չի առնի Ռուսաստանի Դաշնության տարածքի և նրա նոր տարածաշրջանների հետ կապված այսօրվա իրողությունները, չի կարող լինել «խաղաղ»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել էր Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության համար Ռուսաստանի բաց լինելը՝ պայմանով, որ Կիևը կատարի հայտնի պահանջները և հաշվի առնի նոր տարածքային իրողությունները։

Անտեսելով Պուտինի վերոնշյալ վերապահումը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հարավային Աֆրիկայում օրերս կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Անկարան աջակցում է Կիևի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 10 կետից բաղկացած ծրագրին, Ուկրաինայի նախագահի «խաղաղության բանաձևին», ըստ նրա, թուրքական կողմն աշխատում է այդ փաստաթղթի վրա։

«Մենք հավատում ենք, որ այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ,- ասել է Չավուշօղլուն։- Ավելի լավ կլինի, եթե դրան հասնենք որքան հնարավոր է շուտ։ Անցած տարվա մարտին Ստամբուլում որոշակի զարգացումներ եղան, բայց ի հայտ եկան նոր պարամետրեր, իրողություններ։ Ռուսաստանը հիմա բանակցելու պատրաստակամություն է հայտնում, Զելենսկին 10 կետից բաղկացած պլան է առաջ քաշել։ Մենք, որպես Թուրքիա, աջակցում ենք այս ծրագրին և աշխատում ենք դրա վրա։ Նպատակ ենք դնում նախագահել որոշ կետեր: Թուրքիան ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»:

Իսկ Կիևի և Անկարայի պատկերացրած «խաղաղության ծրագրի» այդ ի՞նչ կետերի մասին է խոսքը, որո՞նք են այդ 10 կետերը…

«Պարոն Զելենսկու ծրագիրը, որը ներկայացվել էր դեկտեմբերին G7 երկրներին ուղղված ուղերձում, ենթադրում է տասը քայլ»,- ասել է Չավուշօղլուն ու ներկայացրել դրանք. Ուկրաինայի ռադիացիոն և միջուկային անվտանգության ապահովում, պարենային և էներգետիկ անվտանգություն, բոլոր ռազմագերիների ազատում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում 1991թ. սահմաններում, ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, «արդարության վերադարձ», հակազդեցություն էկոցիդին, էսկալացիայի կանխում և «պատերազմի ավարտի» ամրագրում։

Ակնհայտ է, որ վերոնշյալ պահանջների մի մասն արհեստածին է, հորինովի, մասնավորապես, Զապարոժիեի ԱԷԿ-ին շարունակաբար հասցվող հարվածներով Կիևը հենց ինքն է վտանգում Ուկրաինայի ռադիացիոն և միջուկային անվտանգությունը, ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայում էկոցիդ չկա, և եթե Ուկրաինայում ընդհանրապես էկոցիդ կամ էկոցիդի փորձ կա, ապա միայն Կիևի, Ուկրաինայի զինված ուժերի կողմից:

Ինչ վերաբերվում է 1991թ. սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ղրիմը, Դոնբասի հանրապետությունները, Զապարոժիեի և Խերսոնի մարզերն Ուկրաինային հանձնելուն, «արդարության վերադարձ»-ին (Կիևի մեկնաբանությամբ՝ Ուկրաինային պատերազմի կրած վնասների դիմաց միլիարդավոր դոլարների փոխհատուցում տալուն), հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին չհասած, ռուսական զորքերի դուրսբերմանը և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, ապա այս պահանջները կամ խաղաղության համար առաջադրվող պայմանները հասկանալի պատճառներով բացարձակապես անիրականանալի, մերժելի են և արդեն իսկ մերժվել են Մոսկվայի կողմից:

Այսպիսով Անկարայի կողմից աջակցվող Կիևի «խաղաղության պլանն» իրականում խաղաղությունից հրաժարվելու ու պատերազմը շարունակելու պլան է: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության համար անընդունելի է Ուկրաինայում «խաղաղ կարգավորման» Թուրքիայի կողմից աջակցվող պլանը, որը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի գնահատականին Զելենսկու, այսպես կոչված,  խաղաղության ծրագրին,- «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ , ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ-ի ճեպազրույցում (հեռարձակվել է YouTube-ում):- Մենք չենք կարող համաձայնվել նրա հետ։ Կիևի վարչակարգի այդ մոգոնածին Անկարայի աջակցությունը դժվար թե նպաստի Ուկրաինայում խաղաղության հասնելու օպտիմալ ուղիների որոնմանը»:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս խոսել է խաղաղ կարգավորման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծրագրի անընդունելիության մասին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան