Բայդենի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի գործով դատախազ է նշանակվել

ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հայտարարել է, որ հատուկ դատախազ է նշանակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնավոր գրասենյակում և տանը հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հետ կապված իրավիճակը հետաքննելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ես հայտարարում եմ Ռոբերտ Հուրին հատուկ դատախազի պաշտոնում նշանակելու մասին՝ համաձայն գործակալության գործող կանոնների, որը հետաքննում է նման հարցերը», – ասել է Գարլանդը։

Նա նշել է, որ հանրային շահերից է բխում միջադեպը հետաքննող հատուկ դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ նրա որակավորումը կապահովի գործի պրոֆեսիոնալ և արագ քննությունը:

Գարլանդն ասել է, որ ինքը հատուկ դատախազին հանձնարարել է պարզել, թե արդյոք տեղի է ունեցել օրենքի խախտում անձի կամ գերատեսչության կողմից՝ կապված հայտնաբերված փաստաթղթերի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներկայիս նախագահի նախկին աշխատասենյակում «գաղտնի» դասակարգված փաստաթղթեր են հայտնաբերվել։ Դրանք Բայդենի փոխնախագահ եղած ժամանակների են: Գաղտնի փաստաթղթերը պարունակում էին հետախուզական տվյալներ Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի մասին։