Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

«Չեմ կարծում, որ մենք պետք է մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով խոսենք»,- ասաց Փաշինյանը ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ են ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունները, որ Հայաստանը ռուսական կողմին պահանջ է ներկայացրել, եթե հունվարի 10-ին չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից։

«Այն, ինչ կատարվում է  Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական երկրում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները արտահայտվել են։ Կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության վրա։

«Եթե ուշադրություն եք դարձրել, 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում ու ընդհանրապես բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։

«Դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Ճիշտ է, Ադրբեջանը 2020թ. նոյեմբեի 9-ից հետո ի հեճուկս պայմանավորվածությունների,  ռուս խաղաղապահների մանադատը չի ստորագրել։ Բայց ուզում եմ՝  տեղյակ լինեք, որ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են այդ մանդատը, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրումից հետո։ Համենայնդեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը որպես եռակողմ հայտարարության շարունակություն գոյություն ունի։ Առանց դրա էլ ամեն ինչ հստակ է, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո․ ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա»։