ԱՄՆ-ի միակ մրցակիցը Չինաստանն է, որը վճռական է փոխելու գոյություն ունեցող աշխարհակարգը. Պետդեպ

ԱՄՆ-ն Չինաստանին համարում է իր միակ մրցակիցը, որը ոչ միայն մտադիր է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, այլ նաև զարգացնում է տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ այս նպատակին հասնելու համար, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Փատելի հայտարարության մեջ։

«Չինաստանը մեր միակ մրցակիցն է, որը և՛ վճռական է փոխելու միջազգային կարգը, և՛ դառնում է ավելի մեծ տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ՝ այդ նպատակին հասնելու համար», – ասել է Փատելը:

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել էր, որ 2022 թվականին Չինաստանի դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ հաջող պայքարը և Վաշինգտոնի ուժային քաղաքականության դեմ պայքարը։

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը խոստացել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները և զարգացնել երկկողմ հարաբերությունները 2023 թվականին։ Դիվանագետը հավելել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միասին աշխատեն «ի շահ» ամբողջ աշխարհի մարդկանց։