Մենք 2023 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. արցախցի երիտասարդները դեկտեմբերի 31-ին լուռ երթ կանցկացնեն

Արցախցի երիտասարդները դեկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու են դեպի Եռաբլուր` այնտեղ դիմավորելու 2023 թվականը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք` Արցախի երիտասարդներս, Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջափակելու պատճառով չենք կարողանում վերադառնալ Արցախ:

Հաշվի առնելով այս կարևոր փաստը՝ մենք 2023 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում:

Քանի որ չենք կարողանում Նոր տարվա մուտքը նշել մեր ընտանիքների հետ, մենք այն դիմավորելու ենք ամենաարժանիների կողքին:

Սա առավելագույնն է, որ կարող ենք և պետք է անենք:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու համար:

Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը հայրենիքի համար ամենաթանկարժեքը զոհած մարդկանց կողքին«,-ասվում  է հայտարարությունում: