«Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք
Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քըրք Քըրքորյան» սրահում հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները մեզ այլևս երկընտրանք չեն թողել։ Իրավիճակը էլ ավելի է սրվում թուրք-ադրբեջանական ագրեսոր տանդեմի և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների ճնշման ներքո։ Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին, սա լրջագույն ահազանգ է, որի գիտակցումը պետք է միավորի մեր հասարակությանը՝ հանուն ապրելու ու Հայրենիք ունենալու նպատակի։
Այս մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ու հարատև խաղաղության հասնելու մի ճանապարհ է մնացել՝ բռունցքված ու աննահանջ ցույց տանք միասնական Հայաստանի ուժը։
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր խորհուրդ։
Խորհրդի նախագահ՝ Գևորգ Գևորգյան