Մեծ պատերազմից 5 պակաս է. 2

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ

Հայաստանի գերագույն գլխավոր դավաճանի, ավելի ճիշտ, թիվ 1 ներքին թշնամու գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից շուրջ մեկ ամիս առաջ, 2020թ. օգոստոսի 21-ին Նիկոլի նախագահությամբ նույնպես Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Պատերազմը, սակայն, այս անգամ ավելի շուտ կարող է բռնկվել, այսինքն` մեկ ամիսը չլրացած, մինչև Նոր տարի կամ ամանորյա առաջին օրերին:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլից և ԱԽ այլ անդամներից բացի, այսօրվա նիստին մասնակցել են նաև Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը և ուրիշներ: Պաշտոնական տեղեկատվության  համաձայն, «Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»: Ընդամենն այսքանը` քննարկվել են…

Արցախն արդեն օրուկես շրջափակված է Ադրբեջանի կողմից, կտրված Հայաստանի և ամբողջ աշխարհի հետ տրանսպորտային կապից, հենց Արցախի Հանրապետության ղեկավարության հայտարարության համաձայն, հումանիտար աղետի շեմին է, իսկ նրանք հավաքվել ու քննարկել են… Եթե համապատասխան որոշում կամ որոշումներ չեն ընդունվել կամ ընդունվելու, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ ընդհանրապես խոսք չկա որևէ որոշման ընդունման կամ, թեկուզ, առաջիկայում ընդունելու մասին, ապա կարելի է համարել, որ այդ քննարկումը եղել է ինքնանպատակ: Այդպես գուցե խաշի սեղանի շուրջ էլ կարող էին հավաքվել ու քննարկել…

«Լաչինի ճանապարհի փակման կապակցությամբ Նիկոլի ու իր ռեժիմի լռությունը ու պասիվությունը ունի իր հստակ բացատրությունը՝ սպասում են, որ իրավիճակը հասնի այն կետին, որ դրանից հետո ինչ էլ ստորագրեն, դա մատուցեն, թե բա հանուն ժողովրդի ենք արել, Արցախի ժողովրդին էինք փրկում,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:-  Դե մոտավորապես այնպես, ինչպես ինքը փորձում էր մանեւրել, 2020 թվականի նոյեմբերի 9-10 փաստաթուղթը ստորագրելուց հետո, թե բա 20 հազար զինվոր գերի էին ընկնում, բա իրենց եմ փրկել։ Կարծես թե այդ զինվորների նկատմամբ գերության վտանգը առաջացել էր Զիմբաբվեի նախագահի, այլ ոչ թե իր իշխանության գործողությունների եւ անգործության արդյունքում… »:

Դատելով «Ազգային ժողով» կոչվածի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումից , ըստ որի, «Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ», կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները որոշել են գործնականում որևէ կերպ չմիջամտել, նույնիսկ որևէ մասնակցություն չունենալ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում, բավարարվել միայն խայտառակ հայտարարությունների ընդունմամբ, ինչպիսին, օրինակ, Հայաստանի արտգործնախարարության (իրականում` Արաբատի, նույն ինքը` գործակալ «Օմեգայի» «օֆիսի») այսօրվա հայտարարությունն  է: Ինչո՞ւ խայտառակ …

Խայտառա՛կ, որովհետև անտեղյակների և անուշադիրների շրջանում արտաքուստ Արցախը և արցախայերին պաշտպանող, հայանպաստ հայտարարության տպավորություն թողնող սույն գրության մեջ Ադրբեջանի Հանրապետություն է գրված, իսկ Արցախի Հանրապետության փոխարեն` Լեռնային Ղարաբաղ, այսինքն` ընդամենը որպես աշխարհագրական վայրի տեղանուն: Սա աստիճանաբար թուրքականի վերածվող հայկական մի պետության կամ նրա իշխանությունը զավթած թշնամու ծառաների, գործակալների վերաբերմունքն է հայկական մյուս պետության նկատմամբ:

Հայաստանն Արցախի անկախությունը չճանաչելուց բացի, փաստորեն ԱԳՆ մակարդակով, ի տարբերություն նախկինի, այլևս չի ընդունում Արցախի Հանրապետության, որպես պետության, գոյությունն ընդհանրապես:

Ավելին. ԱԳՆ հայտարարությունում Լաչինի միջանցքը ներկայացված է հետևյալ կերպ. «…որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապն ապահովելու նպատակով»: Սա ի՞նչ է` անգրագիտությո՞ւն, Հայաստանի և Արցախի նորագույն պատմությանն անտեղյակությո՞ւն…

Լաչինի (երբեմնի Բերձորի, որը, սակայն, Բերձորը թշնամուն հանձնելուց և այն շրջանցող ճանապարհի կառուցումից հետո այլևս, ցավոք, Բերձորի չենք կարող անվանել) միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  չէ, որ ստեղծվել է, այն գոյություն ունի արդեն մոտ երեք տասնամյակ: Հենց եռակողմ հայտարարության 6-րդ կետից էլ, որի համաձայն, «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո», ակնհայտ է, որ Լաչինի միջանցքը գոյություն է ունեցել ավելի վաղ, և կողմերն ընդունում են տվյալ փաստը (տե՛ս նաև 3-րդ կետը):

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան